Լոս Անջելես · 2027 թ. մարտի 27 Բացահայտեք միջոցառումը
Հայերեն
818 266 9390
MOMDEVA-Ի ՄԱՍԻՆ

Աջակցություն կնոջ կյանքի յուրաքանչյուր փուլում։

MomDeva-ն միավորում է կանանց ամենամյա միջոցառումների, տեղական հանդիպումների և շուրջտարյա համայնքի միջոցով։ Կայքը միավորում է մարդկանց, իսկ հավելվածն աջակցում է ամեն օր։

Դավիթ Մնացականյան
Davit Mnatsakanyan · MomDeva-ի հիմնադիր
ՀԻՄՆԱԴՐԻ ԽՈՍՔԸ

Ինչու եմ ստեղծում MomDeva-ն

Ես կորցրել եմ կնոջս քաղցկեղի պատճառով և այսօր որպես միայնակ հայր մեծացնում եմ մեր երկու դուստրերին։ Աղջիկներիս համար ամենից շատ ուզում եմ, որ երբ կյանքը նրանցից պահանջի ավելին, քան այդ պահին կարող են տալ, իմանան՝ ում դուռը թակել։ Ուզում եմ, որ նրանց կողքին լինեն կանայք, ում կարող են դիմել, տղամարդիկ, ում կարող են վստահել, և որ իրենք համարձակվեն ասել, թե ինչի կարիք ունեն։ Հենց այս հույսով եմ ստեղծում MomDeva-ն։

Ես խորապես հարգում եմ մեր երեխաներին մեծացնող կանանց։ Այդ հարգանքը սկիզբ է առել մորս հանդեպ երախտագիտությունից՝ այն սիրուց, որ ես ստացել եմ որպես նրա որդի։ Այն ավելի է խորացել, երբ տեսել եմ, թե ինչ սիրով էր հանգուցյալ կինս մեծացնում մեր երկու դուստրերին։ Այսօր, երբ ես եմ մեծացնում մեր աղջիկներին, ավելի լավ եմ հասկանում այն զոհողությունները, որոնք երեխա ժամանակ չէի նկատում։ Մտածում եմ մայրերի անքուն գիշերների, լուռ կրած հոգսերի և այն ժամանակի մասին, որ շատ կանայք նախատեսում են իրենց համար, բայց ի վերջո նվիրում են սիրելի մարդկանց։ MomDeva-ն ստեղծելով՝ ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մորս ու կնոջս։

Երեխան հիշում է՝ ով էր իրեն կերակրում, ով էր գրկում, երբ վախենում էր, ով էր նստում կողքին, մինչև կարողանար պատմել, թե ինչն է ցավեցնում։ Նույն հոգատարությունն եմ տեսնում ուսուցչուհու մեջ, որն օգնում է աղջկան վստահել իր ձայնին, և գործարար կնոջ մեջ, որը մեկ այլ կնոջ իր առաջին հնարավորությունն է տալիս։ Ահա թե ինչու եմ հավատում, որ աջակցելով կանանց՝ մենք փոխում ենք աշխարհը։ Եվ որքան սիրով էլ հոգ տանեք ուրիշների մասին, ձեր սեփական երազանքներն էլ արժանի են նույն նվիրմանը։

Որպես տղամարդ՝ հավատում եմ, որ մենք՝ տղամարդիկս, պարտավոր ենք հոգ տանել կանանց անվտանգության մասին, հարգել նրանց որոշումները և թև ու թիկունք լինել նրանց ձգտումներին։ Ինձ համար դա նշանակում է կիսել ընտանիքի հոգսերը, խոսել, երբ կնոջ հետ անարդար են վարվում, և բոլորի ներկայությամբ ընդունել, թե ում գաղափարն էր, երբ այն կնոջն է պատկանում։ Ուզում եմ, որ աղջիկներս այդ հարգանքը ճանաչեն, քանի որ տեսել են այն իմ վարքում։

Իմ առաքելությունն է այդ սերն ու հարգանքը դարձնել իրական աջակցություն։ Դա կարող է լինել մի մենթոր, որն օգնում է ձեզ վստահորեն գնահատել ձեր աշխատանքը։ Կամ մայրերի մի փոքր շրջան, որտեղ դժվար օրն անկեղծորեն կարող եք խոսել։ Կամ ցուցահանդեսում մի տաղավար, որտեղ ձեր իսկ ձեռքով պատրաստածը հանձնում եք ձեր առաջին գնորդին։ Ինչ էլ ցանկանաք ձեռնարկել, ուզում եմ, որ այստեղ գտնեք դրա համար անհրաժեշտ գործիքները, հնարավորությունն ու մարդկանց։

Կոչ եմ անում յուրաքանչյուր կնոջ՝ ոտքի՛ կանգնեք, առաջ եկե՛ք և ասե՛ք ձեր խոսքը։ MomDeva Connect-ում ձեր ձայնը լսելի կլինի։ Կիսվեք այն գաղափարով, որ մինչ օրս պահել եք ձեր մեջ, կամ պարզապես եկեք՝ մեկի հետ ծանոթանալու։ Ձեր կողքին նստած կինը կարող է դառնալ ձեր մենթորը, գործնական գործընկերը կամ այն ընկերուհին, որը տարիներ անց էլ կզանգահարի ձեզ։

Եթե MomDeva-ի առաջին հանդիպմանը գալու համար ձեզ քաջություն է պետք, հուսով եմ՝ մեկը ձեզ կնկատի, կողքին տեղ կանի ու կասի. «Ուրախ եմ, որ եկել եք։ Եկե՛ք, նստե՛ք կողքիս»։ Ահա այսպիսի ընդունելություն եմ ցանկանում ձեզ Լոս Անջելեսում և յուրաքանչյուր քաղաքում, որտեղ MomDeva-ն իր տեղը կգտնի։ Եվ եթե մի օր հպարտությամբ ասեք՝ «Ես MomDeva-ի մի մասն եմ», կուզեմ՝ այդ պահին ձեր աչքի առաջ գա այն մարդու դեմքը, որն ամենակարևոր պահին ձեր կողքին էր։

Դավիթ Մնացականյան

MomDeva-ի հիմնադիր
MomDeva Connect

Ձեր հաջորդ ծանոթությունը սկսվում է այստեղ։

ՄՆԱՆՔ ԿԱՊԻ ՄԵՋ

Միացեք մեր հաջորդ հանդիպմանը։

Ստացեք առաջիկա ցուցահանդեսների, տեղական հանդիպումների և համայնքային հավաքների լուրերը։

Նշելու դեպքում ներառեք երկրի կոդը։ Սա SMS հաղորդագրությունների բաժանորդագրություն չէ։